National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.03.2018
Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Կայացել է նաեւ  հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմական եւ մշակութային առնչությունները»  աշխատության շնորհանդեսը:

ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով մասնակիցներին, կարեւորել է խորհրդարանում ավանդույթ դարձած միջոցառման կազմակերպումը: Նա   անդրադարձել է նաեւ ներկայացվող գրքին, որում, ըստ բանախոսի, հեղինակը մանրակրկիտ հավաքել եւ ի մի է բերել հանրագիտարանային գիտելիքներ, պատմական արժեք ներկայացնող դիպվածներ ու պատմություններ: Պատգամավորի գնահատմամբ` հետաքրքիր եւ նորովի են ներկայացված հայ-ճապոնական հարաբերությունները:

Արծվի Բախչինյանը շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար, անդրադարձել երկու ժողովուրդների ընդհանրություններին, որոնք բազմաթիվ են՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից: «Աշխատությունը չեմ համարում ավարտված, այն շարունակվելու է»,- նշել է գրքի հեղինակը՝ հավելելով, որ դրա վրա սկսել է աշխատել դեռեւս 15 տարի առաջ:

Միջոցառմանը յուրատեսակ շունչ է հաղորդել ծառզարդարը, որը ներկայացրել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները՝ զուգորդելով  հայկական Ծառզարդար եւ ճապոնական Հանամի գարնանային տոները:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 12-ին «Ճապոնիա-Հայաստան միության», ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա  բարեկամական խմբի եւ «Վի ԷՆՆ» ընկերության նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում տնկվել են Ճապոնիայից ներկրված սակուրաներ: Այս տարի եւս միջոցառումը կազմակերպվել էր ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի եւ «Վի ԷՆՆ» ընկերության ջանքերով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am